Ռոման Երիցյանը լրագրող Մերի Մանուկյանին բռնացած ոստիկանի դեմ գրավոր հաղորդում է ներկայացրել
Իրավունք
18:16 16/06/2025

Ռոման Երիցյանը լրագրող Մերի Մանուկյանին բռնացած ոստիկանի դեմ գրավոր հաղորդում է ներկայացրել

Փաստաբան Ռոման Երիցյանը հայտնում է. «Չնայած ՆԳ նախարարության ներկայացուցիչները հայտարարեցին, որ լրագրող Մերի Մանուկյանի նկատմամբ բռնություն գործադրած ծառայողն ազատվել է ծառայությունից, այնուամենայնիվ ոստիկանի արարքը քրեորեն ևս պատժելի է։

Մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի երրորդ մասով օրենսդիրը լրագրողի մասնագիտական գործունեությանը բռնության գործադրմամբ խոչընդոտելու համար նախատեսում է 3-ից 6 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժ։

Հաշվի առնելով քննչական կոմիտեի հնարավոր արդարացումները կամ պարզաբանումներն առ այն, որ վարույթ չի նախաձեռնվել հաղորդման բացակայության հիմքով, քիչ առաջ ներկայացրել եմ գրավոր հաղորդում՝ դրան կցելով դեպքի տեսագրությունը։

Մերի Մանուկյանը փաստաբանական համայնքին մշտապես ակտիվորեն աջակցող և բռնության դեպքերը լուսաբանող լրագրող է, հետևաբար գտնում եմ, որ ողջ համայնքը պետք է կանգնի նրա կողքին։

Հետգրություն։ Հարցմամբ դիմել եմ նաև նախարարությանը՝ պարզելու համար այն, թե արդյո՞ք ոստիկանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության և ազատվել ծառայությունից, թե իր դիմումի հիման վրա թողել է պաշտոնն ու հեռացել»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ռոման Երիցյանը լրագրող Մերի Մանուկյանին բռնացած ոստիկանի դեմ գրավոր հաղորդում է ներկայացրել